Single Blog Title

This is a single blog caption

Sold to China. «Միլանը»՝ հեղափոխության եզրին

Օրերս իտալական «Միլանը» պաշտոնապես վաճառվեց «Rossoneri Sport Investment Lux» ընկերությանը, որի սեփականատերն է Յոնհոն Լին: Շրջանցելով այս գործարքի տևողության ժամկետներն ու ֆինանսական կողմերը՝ կներկայացնեմ 3 կարևորագույն քայլ, որոնք, ըստ իս, պետք է առաջնային լինեն ռոսոներիների նոր ղեկավարության համար: Մեզ առաջին հերթին հետաքրքում է այս գործարքի ազդեցությունը «Միլանի» կազմի, ցուցադրած խաղի և արդյունքների վրա: Ընդ որում, ոչ միայն ցանկալի, նաև պարտադիր է, որ այդ ազդեցությունը տեսանելի լինի գալիք մրցաշրջանին նախորդող տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ինչ վերաբերում է «Դերբի Դե լա Մադոնինային» և ռոսոներիների քամբեքին, կարող եմ մի բան ասել. «Մի՛ շփոթեք շարժումը գործողության հետ»:

Իսկ հիմա ավելի մանրամասն պահանջվող փոփոխությունների մասին:

Ելքային տրանսֆերներ

«Միլանի» առաջին թիմը ներառում է 28 ֆուտբոլիստների, որի ամենաքիչը 50 %-ը, մեղմ ասած, չի համապատասխանում ոչ ակումբի մակարդակին, ոչ էլ ամբիցիաներին: Այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լուկա Անտոնելին, Քրիստիան Սապատան, Գաբրիել Պալետան, Մատիաս Ֆերնանդեսը, Կեիսուկե Հոնդան, Անդրեա Պոլին, Խոսե Սոսան, Լուկաս Օկամպոսը, պետք է լքեն թիմը, եթե, իհարկե, միլանյան ակումբի ասիացի սեփականատերերն իսկապես ցանկանում են մրցունակ թիմ ստեղծել: Համաձայն եմ, թվարկածս ֆուտբոլիստների մի մասը ներկայումս համարվում են մեկնարկային կազմի խաղացողներ: Ուստի վերջին տարիներին «Միլանի» ցուցադրած արդյունքներն էլ ուղիղ համեմատական են վերոհիշյալ խաղացողների մակարդակին:

Առանձնակի ուշադրություն կհատկացնեմ երկու ֆուտբոլիստների՝ Ջանլուիջի Դոնարումային և Ժերար Դելոֆեուին:

Դոնարուման համարվում է ոչ միայն «Միլանի», այլ նաև Իտալիայի ազգային հավաքականի ապագան: 18 տարեկանում նշել նորամուտը «Սկուադրա Աձուրայի» կազմում՝ լինելով «Միլանի» պես ակումբի առաջին դարպասապահը, պարզապես ֆանտաստիկ է: Իհարկե, հիանալի կլինի, որ նա շարունակի ելույթները միլանյան ակումբի կազմում, բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Թոփ ակումբներն արդեն հերթ են կանգնել Դոնարումայի համար: Հաշվի առնելով նրա գործակալին՝ Մինո Ռայոլային, նրա համար առաջարկվող աստղաբաշական գումարներին (տրանսֆերային արժեք և աշխատավարձ), կարելի է ենթադրել, որ երիտասարդ ֆուտբոլիստը կարող է հեռանալու ցանկություն հայտնել: Ի՞նչ անել այդ դեպքում: Անկասկած վաճառել նրա տրանսֆերը: Բնական է, որ նման իրավիճակում Դոնարուման եւ նրա գործակալը ամեն ինչ կանեն միլանյան թիմի ճամբարը լքելու համար: Ծայրահեղ դեպքում Ջիջին կսպասի մինչեւ պայմանագրի ավարտն ու կլքի ակումբը (ներկայիս պայմանագրի ժամկետը սպառվում է 2018-ի ամռանը): Եվրոպական գրանդները այս պահին Դոնարումայի համար պատրաստ են մինչեւ 60 միլիոն եվրո վճարել: Նման իրավիճակում խելամիտ կլինի վաճառել իտալացուն, իսկ նրա տրանսֆերից ստացված գումարով գնել երկու թոփ մակարդակի ֆուտբոլիստի, որից մեկը՝ դարպասապահ:

Դելոֆեուն բավականին լավ տպավորություն է թողնում «Միլանում»: Երևում է, որ ունի մեծ պոտենցիալ, տեխնիկապես լավ պատրաստված և արագաշարժ է, սակայն անհատական խաղով տարվելու մոլուցքը շատ հաճախ ջուրն է գցում նրա մնացած խաղային որակները: «Բարսելոնան» ունի առաջնային հնարավորություն Դելոֆեուին ձեռք բերելու համար: Եթե հրաժարվի, ապա անկասկած պետք է պահել երիտասարդ իսպանացուն, բայց մի պայմանով. նա պետք է սթափվի և հասունանա:

Մուտքային տրանսֆեր

Միլանյան թիմի խաղային բոլոր դիրքերը թարմության կարիք ունեն: Անհրաժեշտ են եզրային պաշտպաններ, մեկ թոփ մակարդակի կենտրոնական պաշտպան, ով կօգնի Ալեսիո Ռամանյոլիին էլ ավելի կատարելագործվել: Պետք է կենտրոնական կիսապաշտպան, ով Կուցկայի և Բոնավենտուրայի հետ միավորվելով, «Միլանի» կիսապաշտպանական գծին ներդաշնակություն կհաղորդի: Սուսո, Դելոֆեու, Բակկա, Լապադուլա քառյակին անհրաժեշտ է համառ մրցակցություն, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը օգտագործի իր ուժերի մաքսիմումը: Ահա այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք, կարծում եմ, կուժեղացնեն «Միլանի» կազմը:

Ալբերտո Մորենոն «Լիվերպուլից». Իսպանացին կորցրել է տեղը մերսիսայդյան ակումբի մեկնարկային կազմում և անկասկած կդիտարկի նոր թիմ տեղափոխվելու առաջարկները: Նա իր արագությամբ կարող է օգտակար լինել միլանցիներին:

Պեպեն «Ռեալից». Պորտուգալացու պայմանագիրը մադրիդցիները հետ ավարտվում է այս ամռանը: Նա Ռոմանյոլիի հետ կարող է ուժեղ զույգ կազմել պաշտպանության կենտրոնում:

Մատեո Դարմիանը «ՄՅՈՒ»-իցԱյստեղ քննարկելու ոչինչ չկա: Իտալական թոփ ակումբները ամռանն իսկական որս են ստեղծելու Դարմիանին ձեռք բերելու համար: «Միլանը» նույնպես կարող է դրան մասնակից լինել:

Սկզբի համար այսքանը: Ավելի մանրամասն կներկայացնենք առանձին ցանկ, թե որ ֆուտբոլիստներին կարող է ձեռք բերել «Միլանը»: Բայց դա ավելի ճիշտ կլինի անել մրցաշրջանի ավարտից հետո:

Գլխավոր մարզիչը

Վինչենցո Մոնտելան մեծ ծավալի աշխատանք է կատարել «Միլանում»: Այսպիսի կազմով ավելին անել գրեթե անհնարին է: Եթե ակումբի ղեկավարները Մոնտելային նոր պայմանագիր առաջարկեն և բավարարեն նրա տրանսֆերային ցանկություններն, ապա հնարավոր է, որ «Միլանը» վերադառնա թոփ ակումբի կարգավիճակին և պայքարի չեմպիոնության համար: Իսկ եթե որոշեն նոր գլխավոր մարզիչ հրավիրել, ապա տարբերակներն այդքան էլ շատ չեն:

Այնուամենայնիվ, առանձնացնեմ երկու մասնագետների, ովքեր կարող են «ռոսոներիներին» դուրս բերել այս ճգնաժամից:

Էուսեբիո Դի Ֆրանչեսկո. Մարզիչ, ով համարվում է իտալական ֆուտբոլի լավագույն երիտասարդ և հեռանկարային մարզիչներից մեկը: Մարդ, ով «Սասուոլոյի» պես համեստ ակումբին իտալական ֆուտբոլի հետնախորշից հասցրեց մինչև Եվրոպա լիգա: Մինչ Մոնտելային նշանակելը, Դի Ֆրանչեսկոն համարվում էր միլանյան ակումբի գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուն:

Կառլո Անչելոտին

 Կառլո Անչելոտիի մարզչական գաղափարները մեկ անգամ ևս ներկայացնելու կարիք չկա: Պարզ է մի բան, եթե հաջողվի նրան համոզել և հրավիրել «Միլան», ապա «ռոսոներիները» հերթական վերածնունդն ապրելու ու ֆուտբոլային էլիտա վերադառնալու էլ ավելի մեծ շանսեր կունենան: Չէ՞ որ հենց Պապա Կառլոյի հետ են կապված միլանյան թիմի պատմական տարիները:

                                                                                         Միհրան Ալեքսանյան